Համաձայն Daily Mirror-ի տեղեկության, «Չելսին» վստահություն է արտահայտում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու գործընթացում:
Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Անգլիայի չեմպիոնները մերժել էին Ռունիին գնելու «կապույտների» առաջարկը: Այդուհանդերձ, «Չելսին» մտադիր չէ հանձնվել և պատրաստ է Ուեյնի համար 24 մլն ֆունտ առաջարկել, հարկ եղած դեպքում նաև 30 մլն:
Միաժամանակ լուրեր են շրջանառվում, որ «Յունայթեդը» ցանկանում է հրաժեշտ տալ 27-ամյա հարձակվողին: Սրա հետ կապված լոնդոնյան ակումբը հույս ունի, որ մրցակցին կհաջողվի ձեռք բերել Սեսկ Ֆաբրեգասին «Բարսելոնայից», և նրանք բաց կթողնեն Ռունիին:
Աղբյուրի համաձայն, Ուեյնի տրանսֆերը «Սթեմֆորդ Բրիջ» կիրականանա միայն Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղից հետո, որը կկայանա օգոստոսի 26-ին:
Հարցը նրանում է, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի ցանկանում, որպեսզի իր դեբյուտն «Օլդ Թրաֆորդում» ստվերի տակ մնա Ռունիի` Մանչեսթեր վերադարձով, որպես այլ ակումբի ֆուտբոլիստ, իսկ «Չելսին» պատրաստ է սպասել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: