«Արսենալը» թարմացրել է իր տրանսֆերային ռեկորդը՝ ձեռք բերելով «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսին:
Ավելի վաղ «Վեստ Հեմը» հայտարարել էր իր թիմի ավագի հեռանալու մասին, իսկ այժմ պաշտոնական հաստատումը եկել է նաև «Արսենալից»:
Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն «Արսենալի» վրա արժեցել է 105 մլն ֆունտ, որոնցից՝ 100 մլն ֆունտը երաշխավորված:
Ռայսը «Վեստ Հեմում» հանդես է գալիս 2014 թվականից, նախկինում նա եղել է «Չելսիի» ակադեմիայում: Ընդհանուր առմամբ, Դեքլանը 245 հանդիպում է անցկացրել «մրճահարների» կազմում՝ նախորդ մրցաշրջանում հաղթելով Կոնֆերանս Լիգայում:
Նաև Ռայսը, ով 2022 թվականի մայիսին ստանձնեց «Վեստ Հեմի» ավագի կոչումը, ունի միջազգային հանդիպումների մասնակցության հարուստ փորձ։ Դեքլանն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ մասնակցելով Եվրո-2020-ին և ԱԱ-2022-ին։
«Մենք շատ ուրախ ենք, որ Դեքլանը միացել է մեր թիմին: Նա զարմանալի ունակությունների տեր խաղացող է և արդեն մի քանի մրցաշրջան է, ինչ բարձր մակարդակով խաղում է Պրեմիեր լիգայում և Անգլիայի հավաքականում: Կասկածից վեր է, որ Դեքլանը կուժեղացնի մեր թիմի կազմը: Նա բացառիկ տաղանդ է, ով ներուժ ունի մեծ գործեր անելու այստեղ»:
«Դեքլանն ընդամենը 24 տարեկան է, բայց նա Պրեմիեր լիգայի մասնակցության մեծ փորձ ունի: Նա եղել է «Վեստ Հեմի» նման լավ թիմի ավագը, և ինչպես բոլորս տեսանք, վերջերս նվաճեց Եվրոպական մրցաշարի գավաթ: Նրա ստանձնած պատասխանատվությունն ու դերը շատ տպավորիչ են և մենք բոլորս հիացած ենք նրա տեղափոխությամբ»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
«Վերջին մի քանի մրցաշրջաններում ես հետևում էի «Արսենալին» և նրա ընտրած ուղղուն: Ոչ թե նախորդ մրցաշրջանում, այլ երկու մրցաշրջան առաջ, նրանք միայն հինգերորդն էին, բայց դուք կարող եք տեսնել, թե ինչպիսի ոճ է ներդնում Միկելը»:
«Անցյալ մրցաշրջանում նրանք հիանալի մրցաշրջան անցկացրին՝ գերազանցելով գրեթե բոլոր թիմերին, բացի «Մանչեսթեր Սիթիից», – ասել է Ռայսը: