«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կոչ է անում իր ակումբին ևս մեկ հարձակվող ձեռք բերել:
«Կաչաղակների» գործերը տրանսֆերային շուկայում այնքան էլ հաջող չեն ընթանում: Ակումբի նոր սպորտային տնօրեն Ջո Քինեյրին միայն հաջողվեց վարձակալել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին:
Սակայն ներկա պահին Ռեմին վնասվածք ունի և մրցաշրջանի առաջին ամիսը բաց կթողնի: Հարձակվողի խնդիրը շարունակում է Պարդյուի համար առաջնայինը լինել, և այդ պատճառով էլ նա «Նյուքասլին» կոչ է անում որոշիչ քայլերի դիմել:
-Կարևոր է, որ մենք ևս մեկ հարձակվողի հրավիրենք: Անցած տարի միանգամայն սահմանափակ էր հարձակվողների ընտրությունը, հատկապես Դեմբա Բայի հեռանալուց հետո: Մենք պետք է համոզված լինենք, որ բավականաչափ հարձակվողներ կունենանք:
Հիասթափությունը միշտ ուղեկցում է տրանսֆերային շուկայում, սակայն մենք ուժեղ թիմ ունենք, և հունվարին լավ ձեռքբերումներ ունեցանք: Վեց ամսվա փորձը մեզ համար շատ օգտակար եղավ, և հույս ունեմ, որ մենք լավ իրավիճակում կլինենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Goal-ը: