«Արսենալը» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Պետր Չեխին ձեռք բերելու մասին, ով վերջին 11 տարվա ընթացքում պաշտպանում էր «Չելսիի» դարպասը:
Հենց Չեխի անձի հետ է կապված «ազնվականների» պատմության ամենահաջող շրջանը: Պետրը «Սթեմֆորդ Բրիջում» մասնակցել է ավելի քան 400 հանդիպման՝ հաղթելով մի շարք կարևոր թիմային մրցանակներ, այդ թվում Չեմպիոնների Լիգան և երեք անգամ Պրեմիեր Լիգան:
Սակայն մեկ տարի առաջ «Չելսիի» առաջին համարը դարձավ Տիբո Կուրտուան: Մեկ տարի անցկացնելով որպես երիտասարդ բելգիացուն փոխարինող՝ Պետրը որոշեց լքել ակումբը: «Արսենալն» ամենից հարմար տարբերակն էր 33-ամյա Չեխի կարիերայի շարունակության համար:
Գնահատելով Պետրի ավանդն ակումբի առջև՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն, այնուամենայնիվ, նրան թույլ տվեց ուժեղացնել իրենց մրցակիցներին: «Արսենալը» Չեխի համար վճարել է 10,9 մլն ֆունտ:
-Պետր Չեխն այն ֆուտբոլիստն է, ում խաղող երկար ժամանակ եմ հիանում, և ես ուրախ եմ, որ նա որոշեց միանալ մեզ: Երկար տարիներ նա ապացուցել է, որ աշխարհի լավագույն դարպասապահներից է,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: