«Վեստ Բրոմվիչը» պատրաստվում է իր հարձակվող Պիտեր Օդեմվինգիեին վարձավճարով հանձնել «Կրիստալ Փելեսին» մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Օդեմվինգիեն չի վայելում իր մարզչական շտաբի, ղեկավարության և երկրպագուների սերն ու հարգանքը այն բանից հետո, երբ ամեն գնով փորձում էր հեռանալ «Հոթորնսից» հանուն «Քուինս Պարկ Ռեյնջերսի»:
31-ամյա նիգերիացու տրանսֆերը «ՔՊՌ» այդպես էլ տեղի չունեցավ: Վերադառնալով ակումբի տրամադրության տակ՝ Օդեմվինգիեն տուգանվեց և զրկվեց թիմի հետ մարզվելուց:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականն իր էքսկլյուզիվ հոդվածում, «Վեստ Բրոմվիչը» մտադիր է վարձավճարով հանձնել Պիտերին Չեմպիոնշիփում հանդես եկող «Կրիստալ Փելեսին», որն այնուհետև պատրաստ կլինի գնելու ֆուտբոլիստին Պրեմիեր Լիգա դուրս գալու դեպքում: