Ինչպես հաղորդում է ֆրանսիական L’Equipe պարբերականը, ՊՍԺ-ն հունվարին կփորձի գնել Պրեմիեր Լիգայի երեք ֆուտբոլիստների՝ Յոհան Կաբայեին՝ «Նյուքասլից», Խուան Մատային և Էդեն Ազարին՝ «Չելսիից»:
Ֆրանսիական գրանդի տրանսֆերային ցուցակի առաջին տեղում Կաբայեն է, ով ամռանը շատ մոտ էր «Արսենալ» տեղափոխվելուն: 27-ամյա ֆրանսիացու փայլուն խաղի շնորհիվ այժմ «կաչաղակները» Պրեմիեր Լիգայի առաջատարների թվում են:
ՊՍԺ-ն ցանկանում է գնել նաև Մատային, ով Մոուրինյոյի գալուց հետո դարձել է պահեստայինների ֆուտբոլիստ: Նա մրցակցությունում իր տեղը զիջում է բրազիլիացի Օսկարին, սակայն «Արսենալի» դեմ վերջին խաղում՝ անգամ Օսկարի բացակայության պայմաններում նա տեղ չգտավ հիմնական կազմում:
Տրանսֆերային ցուցակում է նաև Էդեն Ազարը, ով Լիգա 1-ում հանդես գալու փորձ ունի: Սակայն Ազարի տեղափոխությունը քիչ հավանական է, քանի որ Մոուրինյոն թանկ է գնահատում բելգիացի կիսապաշտպանին: