Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բանակցություններ է սկսել «Չելսի»-ի ձախ պաշտպան Էշլի Քոուլի տեղափոխության համար: Այս տարի լրանում է պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբում: Քոուլը ցանկություն ունի մնալ «Չելսի»-ում, սակայն, հաշվի առնելով թիմը երիտասարդացնելու քաղաքականությունը, նրան կառաջարկեն 12 ամսվա պայմանագիր:
Ինչպես հայտնում է Le 10 Sport-ը, եթե առաջ պարզապես կար հետաքրքրություն, ապա այժմ սկսվել է բանակցությունների փուլը:
-«ՊՍԺ»-ի առաջարկը Քոուլի համար գայթակղիչ կլինի, ինչպես մարզական, այնպես էլ ֆինանսական առումով, – ասել է «Արսենալ»-ի նախկին խաղացող Ռոբեր Պիրեսը:
Ավելացնենք, որ պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Լիվերպուլ»-ի հետ խաղը: Պաշտպանությունում նրա տեղը կզբաղեցնի երիտասարդ Ռայան Բերտրանդը, ում հետ «Չելսի»-ում մեծ հույսեր են կապում: