Պաշտպան Ջոննի Էվանսը կարճաժամկետ պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով հարազատ ակումբին։
Էվանսի պայմանագիրը Պրեմիեր լիգայից անկում ապրած «Լեսթերի» հետ ավարտվում էր նախորդ մրցաշրջանի վերջում, և երբ արձակուրդից վերադառնալու և մարզումներ սկսելու ժամանակն էր, Ջոննին դիմեց իր նախկին ակումբին օգնության համար։
Էվանսը միայն անցյալ շաբաթ սկսեց մարզվել «Յունայթեդի» Քարինգթոնի բազայում, բայց մի քանի օրվա ընթացքում տպավորեց գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին և ստացավ պայմանագիր կնքելու հնարավորություն:
«Յունայթեդը» չի հրապարակել Էվանսի պայմանագրի ժամկետը, սակայն այն անվանել է «կարճաժամկետ» և նշել, որ դա Ջոննիին թույլ կտա նախամրցաշրջանային հանդիպումներ անցկացնել Էդինբուրգում և Սան Դիեգոյում:
35 ամյա հյուսիսիռլանդացին «Յունայթեդի» ակադեմիայի շրջանավարտ է, որը 198 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» հիմնական թիմում:
Նախքան 2015 թվականին «Յունայթեդից» հեռանալը, Էվանսը նվաճել էր Պրեմիեր լիգայի երեք չեմպիոնական տիտղոս, երկու Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգա և Աշխարհի ակումբային առաջնություն։