«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է «Ատալանտայի» և Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գործարքի վերջնական արժեքը գնահատվում է 72 միլիոն ֆունտ:
Այս շաբաթ ժամանելով Մանչեսթեր՝ Հոյլունդը բուժզննում անցավ և պայմանագիր կնքեց «Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը և ունի 12 ամսով երկարաձգելու հնարավորություն։
Այսպիսով, Հոյլունդը դարձավ Էրիկ Տեն Հագի երրորդ մեծ ձեռքբերումն այս պատուհանի ընթացքում՝ կիսապաշտպան Մեյսոն Մաունտից և դարպասապահ Անդրե Օնանայից հետո։
20 տարեկանում Հոյլունդը անցկացրել է 87 ակումբային հանդիպում և խփել 27 գոլ, որոնցից՝ 10-ը՝ «Ատալանտայի» կազմում իր անցկացրած միակ մրցաշրջանում։ Դանիայի հավաքականի կազմում Ռասմուսը անցկացնելով 6 հանդիպում կարողացել է դառնալ 6 գոլի հեղինակ։
Հոյլունդն իր կարիերան սկսել է «Կոպենհագենում», որտեղից տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ» 2022 թվականի հունվարին։ Անցյալ ամառ «Ատալանտան» Ռասմուսին ձեռք բերելու համար վճարեց 17 մլն եվրո (14,7 մլն ֆունտ):
«Գաղտնիք չէ, որ ես երիտասարդ տարիքից երկրպագել եմ այս մեծ ակումբին, և իհարկե իմ երազանքն է եղել Օլդ Թրաֆորդում խաղալ, որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ»:
«Ես չեմ կարող նկարագրել իմ ոգևորվածության չափը։ Ես ամենինչ կանեմ արդարացնելու համար ակումբի ընձեռնած հնարավորությունը: Իմ կարիերան դեռ վաղ փուլում է, բայց ես գիտեմ, որ պատրաստ եմ ընդունել այս մարտահրավերը և խաղալ այս համաշխարհային մակարդակի խաղացողների կողքին»:
«Երբ խոսեցի մարզչի հետ, հասկացա, որ այս վայրը իդեալական կլինի իմ զարգացման համար: Անհամբեր սպասում եմ աշխարհի լավագույն մարզիչներից մեկի հետ աշխատելու հնարավորությանը: Գիտեմ, որ նրա ղեկավարությամբ և աջակցությամբ ես կարող եմ շատ բանի հասնել իմ նոր թիմակիցների հետ այս յուրահատուկ ակումբում»,- ասել է Հոյլունդը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված ահրցազրույցի ժամանակ։