«Ռեդինգը» մտադիր է գնել «Լոկոմոտիվի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին: Ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը պատրաստվում է ուժեղացնել հարձակման գիծը:
Ակնհայտ է, որ հունվարին ակումբը պետք է ձեռք բերի նոր խաղացողների, քանի որ նրանց դիրքն առաջնությունում (նրանք գտնվում են 19-րդ հորիզոնականում) չի գոհացնում ակումբի սեփականատեր Անտոն Զինգարևիչին:
Այդ իսկ նպատակով անցած հանգստյան օրերին Զինգարևիչն ու տնօրեն Նիկի Համմոնդը մեկնել են Մոսկվա` բանակցություններ վարելու Պավլյուչենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում է Daily Mirror պարբերականը, 31-ամյա հարձակվողը ամենայն հավանականությամբ կհամաձայնվի տեղափոխվել «Մադեյսկի» մարզադաշտ: Պավլյուչենկոն նախկինում հանդես է եկել «Տոտտենհեմում»:
Հիշեցնենք, որ այս ամռանն արդեն «Ռեդինգը» գնել է ռուս ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակին, որն ստանում է շաբաթական 65 հազար ֆունտ: