«Տոտտենհեմից» կրած պարտությունից հետո (3:1) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ իրենք ապագա չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդից» վատը չեն:
Երեկ երեկոյան «քաղաքայինները» մոտ վեց րոպեում բաց թողեցին երեք գնդակ և «Ուայտ Հարթ Լեյնում» պարտվեցին «Տոտտենհեմին»: Այսպիսով «Սիթին» միայն մոտեցրեց չեմպիոնական տիտղոսը «Յունայթեդին» փոխանցելու պահը:
Արդեն այսօր երեկոյան «Յունայթեդը» կարող է նվաճել տիտղոսը, եթե սեփական հարկի տակ հաղթի «Աստոն Վիլլային»: Մինչդեռ Մանչինին չի կարծում, որ իր թիմը ինչ-որ բանով զիջում է Պրեմիեր Լիգայի ներկայիս առաջատարին:
-Չեմպիոնական մրցավազքը մեզ համար ավարտվել է 3-4 շաբաթ առաջ: Նրանք մեզնից լավը չեն, սակայն արժանի էին տիտղոսի, որովհետև մենք չափից շատ միավորներ կորցրինք այնպիսի խաղերում, որտեղ արժանի չէինք պարտության:
Սակայն «Յունայթեդը» հաղթեց բազմաթիվ խաղեր անընդմեջ՝ խփելով գոլեր, և նրանք արժանի էին նվաճելու այս տիտղոսը,- հայտնել է Մանչինին: Manchester Evening News