Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հույս ունի, որ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կշարունակի կարիերան Եվրոպայում:
Ինչպես հայտնի է` Լեմպարդի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է այս ամառ և «ազնվականները» չեն պատրաստվում երկարաձգել այն: Արդեն կա տեղեկություն այն մասին, որ Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան ակումբները:
Անձամբ Հոջսոնը հորդորում է Լեմպարդին, որը երեկ հաղթական գնդակը խփեց Բրազիլիայի հետ խաղի ժամանակ (2:1), մնալ Եվրոպայում: Այսպիսով, ըստ մարզչի՝ ավելի հեշտ կլինի նրա խաղին հետևելը:
-Այսօր Ֆրենկը հիանալի խաղ անցկացրեց: Կարծում եմ՝ նրան կհաջողվի 100 խաղ անցկացնել հավաքականի կազմում:
Մեծ են հույսերս, որ նա կմնա Անգլիայում: Իհարկե, ես չպետք է քննարկեմ նրա ապագան «Չելսիի» հետ, որովհետև դա իմ գործը չէ: Բայց համոզված եմ, եթե «Չելսին» որոշի նրանից բաժանվել, ապա նա շատ այլ առաջարկներ կստանա:
Հուսամ՝ մենք հետագայում էլ կհետևենք նրա խաղին եթե ոչ Անգլիայում, ապա գոնե Եվրոպայում: Սա իմ խնդիրն ավելի կհեշտացնի:
Եթե նա հետևի Դևիդ Բեքհեմի օրինակին, ապա դա էականորեն կբարդացնի գործը: Մինչդեռ դա չի նշանակի, որ նրա կարիերան հավաքականում վերջացած է,- հայտնել է Հոջսոնը: Sky Sports