Մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, «Սաութհեմպտոնը» համալրեց իր թիմը «Ռենի» վինգեր Կամալդին Սուլեմանայով և «Գենկի» հարձակվող Պոլ Օնուաչուով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Սուլեմանան «Սաութհեմպտոնին» արժեցել է ռեկորդային 22 մլն ֆունտ, իսկ բոնուսները 20 ամյա գանացու արժեքը բարձրացնում են մինչև 24,6 մլն ֆունտ:
Դանիայում «Նորդշելանդում» խաղալուց հետո Սուլեմանան 2021 թվականին տեղափոխվեց «Ռեն»: Քաթարում վերջերս կայացած աշխարհի առաջնությունում Կամալդինն ուներ բոլոր խաղացողներից ամենաբարձր արագությունը՝ 35,7 կմ/ժ:
Օնուաչուի տրանսֆերը, ում հասակը գերազանցում է երկու մետրը, գնահատվում է նվազագույնը 15 միլիոն ֆունտ ստերլինգ։ 28 ամյա նիգերիացին «Գենկի» կազմում անցկացրած 134 խաղում դարձել է 84 գոլի հեղինակ՝ նախկինում հանդես գալով դանիական «Միդտյուլենդում»:
Բացի այդ, Սուլեմանան և Օնուաչուն «Սաութհեմպտոնի» հետ պայմանագրեր են կնքել համապատասխանաբար մինչև 2027 և 2026 թվականները։