«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը, ինչպես և նախատեսվում էր, կապաքինվի մինչև «Սուոնսիի» դեմ խաղը: Ինչպես նաև հայտնի է, թե երբ կվերականգնվի «կարմիրների» պաշտպան Գլեն Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի նախորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Սթարիջը մեջքի վնասվածք էր ստացել, այդ պատճառով էլ չկարողացավ օգնել Անգլիայի հավաքականին աշխարհի 2014թ-ի առաջնության որակավորման փուլում Մոլդովայի և Ուկրաինայի հավաքականների դեմ խաղերում:
Սակայն, ինչպես հայտնում է The Telegraph-ը, Դանիելը հավանաբար կմասնակցի «Սուոնսիի» դեմ խաղին: «Լիվերպուլի» մարզչական շտաբը մինչև շաբաթվա ավարտը վերջնական որոշում կկայացնի Սթարիջին իրենց հետ Ուելս տանելու վերաբերյալ:
Ինչպես նաև հայտնի է դարձել, որ Գլեն Ջոնսոնը, ով ոտնաթաթն էր վնասել, խաղադաշտ կվերադառնա 5-6 շաբաթից, իսկ ավելի վաղ նշվում էր, որ նրա ապաքինման համար 2.5 ամիս կպահանջվի: Այսպիսով, Անգլիայի հավաքականի պաշտպանը բաց կթողնի աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին երկու հանդիպումները` Չեռնոգորիայի և Լեհաստանի հավաքականների դեմ:
Ջոնսոնի կորուստն անկասկած մեծ խնդիր կլինի «Լիվերպուլի» համար, քանի որ Բրենդան Ռոջերսը Գլենին աջ պաշտպանի դիրքում փոխարինող չունի: Հնարավոր է` մարզիչն այդ դիրքում կդնի կենտրոնական պաշտպաններից մեկին, ում պակասն «Էնֆիլդում» չկա: