Այս հինգշաբթի «Մանչեսթեր Սիթին»` 30 մլն ֆունտով Ռահիմ Ստերլինգին գնելու համար պաշտոնական առաջարկ է արել «Լիվերպուլին»:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, երկու ակումբների միջև բանավոր կապ է հաստատվել, որին հետևել է «քաղաքայինների» պաշտոնական առաջարկությունը:
«Սիթին» պատրաստ է Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 25 մլն ֆունտ, գումարած 5 մլն որպես բոնուս: Պարբերականի հաղորդմամբ, «Լիվերպուլն» ամենայն հավանականությամբ կմերժի այդ առաջարկը:
«Կարմիրներն» արդեն հայտնել են, որ չնայած իրենց չի հաջողվում երկարաձգել Ստերլինգի պայմանագիրը, սակայն չեն ցանկանում ազատվել իրենց տաղանդավոր վինգերից: Թերևս միայն առաջարկվող տրանսֆերային գումարի ավելացումը կարող է «Լիվերպուլին» ստիպել վաճառել Ռահիմին:
Ստերլինգի համար պայքարում գլխավոր ֆավորիտը համարվում է հենց «Սիթին», չնայած որ Ռահիմի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Ռեալը»: