«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ որոշել է, թե ովքեր այս ամառ կլքեն ակումբը:
Հոլանդացի մասնագետը չթաքցրեց, որ ցանկանում է սկզբում տեսնել իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներին, իսկ հետո հայտնել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր չեն համապատասխանում իր պահանջներին:
Վան Գալի խոսքերով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Յունայթեդը» մի քանի ֆուտբոլիստների կասի, որ այլևս նրանց ծառայությունների կարիքը չունի:
-Ես իմ որոշման մասին կհայտնեմ առաջնության (International Champions Cup) ավարտից հետո: Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ խաղալու հնարավորություն եմ տվել և այժմ շատ բան գիտեմ նրանց մասին:
Երբ դու տեսնում ես, որ ֆուտբոլիստն այստեղ մեծ հեռանկար չունի, ապա դու պետք է նրան հեռանալու հնարավորություն տաս: Առաջնությունից վերադառնալուց հետո ես կհայտնեմ որոշմանս մասին, սակայն ոչ թե լրագրողներին, այլ՝ ֆուտբոլիստներին,- վան Գալի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: