«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի և գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի միջև աստիճանաբար մեծանում է անհամաձայնությունը, որը կարող է լուրջ կոնֆլիկտի վերածվել:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը՝ մեջբերելով վան Պերսիի մտերիմ ընկերոջ խոսքերը, Ռոբինը տպավորված չէ «Յունայթեդի» նոր մարզչով և համաձայն չէ մարզումների անցկացման որոշ մեթոդների հետ:
Մեկ տարի առաջ «Արսենալից» «Յունայթեդ» տեղափոխվելու գործում մեծ դեր ունեցավ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, ում փոխարինեց Դևիդ Մոյեսը: Հենց Սէր Ալեքսը հավատաց Ռոբինին և նրա համար վճարեց 24 մլն ֆունտ:
-Ռոբինը երջանիկ չէ, և դա հնարավոր չէ թաքցնել դաշտում: Երբ նա բարկացած է, ապա հնարավոր է չմտածված ինչ որ բաներ անի և դա երևաց «Լիվերպուլի» հետ խաղում:
Նա զգում է, որ Մոյեսն այնպիսի մարզիչ չէ, ինչպիսին Սէր Ալեքսն էր: Ռոբինին դուր չի գալիս մարզումներում Մոյեսի կիրառած մեթոդները,- հոլանդացի հարձակվողի ընկերոջ խոսքերն է մեջբերում Daily Star-ը: