«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր աջակցությունն է հայտնել դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներին և հայտնել է, որ նա կարող է թիմի համար շատ լավ հարձակվող լինել:
«Վեստ Բրոմվիչի» դեմ Լիգայի գավաթի խաղում, որն այսօր է կայանալու, Բենդտները հայտավորված կլինի «Արսենալի» կազմում: Այս ամառ Բենդտները կարող էր այլ ակումբ տեղափոխվել, սակայն Վենգերը ստիպված էր նրան պահել թիմում, քանի որ չկարողացավ հարձակման գիծը նոր ֆուտբոլիստներով ուժեղացնել:
-Նա իրեն լավ է դրսևորում մարզումների ընթացքում և շատ է աշխատում: Չորեքշաբթի երեկոյան նա այդ ամենը ցուցադրելու իրական հնարավորություն կունենա:
Քիչ էր մնում, որ նա հեռանար թիմից, սակայն ի վերջո մնաց, և մենք այժմ նրա կարիքն ունենք: Հիմա նա բոլորին համոզելու հնարավորություն ունի:
Մենք հավատում ենք նրան: Ես անձամբ հավատում եմ նրա որակներին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես վերաբերվում աշխատանքիդ: Նիկլասն ունակ է լինել անկասելի հարձակվող: Նա կստանա իր հնարավորությունը: Մեր աշխատանքը հենց կայանում է նրանում, որ օգտագործենք մեր հնարավորությունը:
Երկրպագուներն ամեն ինչ ներում են քեզ, երբ դու լավ ես խաղում խաղադաշտում: Կարծում եմ, որ մեր երկրպագուները դրական են տրամադրված Բենդտների հանդեպ և աջակցում են նրան: Միայն դու կարող ես դա ստեղծել քո խաղով,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: