«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին ձեռք բերելու համար:
Հարձակման գծում ունենալով միայն Էմանուել Ադեբայորին և Ջերմեյն Դեֆոյին, Վիլաշ-Բոաշը, ակնհայտորեն, փորձում է ուժեղացնել հարձակման գիծը, քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է: Չկարողանալով ձեռք բերել «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին, լոնդոնցիներն ուշադրությունը կենտրոնացրել են «Վալենսիայի» գոլահարի կողմը:
-Մենք հետաքրքրված ենք այս ֆուտբոլիստով, և կապ չունի, թե վերջին օրերին ինչ է տեղի ունեցել: Մենք խոսում ենք, քննարկում, բայց դա չի նշանակում, որ մենք անպայման ձեռք կբերենք այս արդյունավետ ֆուտբոլիստին:
Վերջին հինգ մրցաշրջանների ընթացքում նա շատ լավ է հանդես եկել «Վալենսիայում», և նա «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլային դպրոցի լավ հմտություններին է տիրապետում: Մենք հետաքրքրված ենք այս ֆուտբոլիստով, սակայն բանակցությունների մեջ առաջընթացի մասին ես տեղեկություններ չունեմ,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հայտնի է, որ Սոլդադոյով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», որն իսպանացուն տեսնում է որպես Լուիս Սուարեսի փոխարինող: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Վալենիսան» հույս ունի լուծել իր ֆուտբոլիստի ապագայի հարցը մինչև օգոստոսի 3-ը` կապված որոշ ֆինանսական խնդիրների հետ: