«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ չի բացառվում նոր հարձակվողի ձեռք բերելը տրանսֆերային պատուհանի մնացած այս մեկ-երկու օրերի ընթացքում: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:
Էմանուել Ադեբայորի՝ աֆրիկյան ազգերի գավաթին մեկնելը և Ջերմեյն Դեֆոյի վնասվածքը հարված հասցրին լոնդոնյան ակումբի հարձակողական ներուժին: Այժմ Վիլաշ-Բոաշը հազիվ թե կարող է հարձակման գծում օգտագործել Կլինտ Դեմփսիին, որին ոչ մի կերպ մաքուր հարձակվող չես կարող անվանել:
-Մենք կայունություն ենք ձեռք բերել 4-4-2 սխեմայով, հետևաբար մեզ ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ: Կփորձենք ինչ-որ բան անել, եթե այդպիսի հնարավորություն ունենանք: Հունվարյան պատուհանը հատուկ պահանջներ ունի: Գներն այստեղ կարող են աբսուրդի հասնող բարձր լինել,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: