«Տոտտենհեմը» մտածում է ժամանակավորապես «Ուեմբլի» մարզադաշտ տեղափոխվելու մասին, մինչև կկառուցի իր նոր մարզադաշտը:
Այսօր լոնդոնյան ակումբը հայտնեց նոր մարզդաշտի կառուցման մասին: «Տոտտենհեմն» արդեն վաղուց է իր խաղերն անցկացնում «Ուայթ Հարթ Լեյնում», որի 36 հզր նստատեղերը չեն բավականացնում թիմի երկրպագուներին: Ակումբի նախագահ Դանիել Լևիի խոսքերով, տոմսերի պահանջարկը հասնում է մինչև 47 հազարի:
Ինչպես երևում է, նոր մարզադաշտի շինարարական աշխատանքների գրաֆիկը «Տոտտենհեմին» կարող է ստիպել որոշ ժամանակ տնային խաղերն անցկացնել այլ մարզադաշտում:
Դեռ 2010թ-ից «Տոտտենհեմը» պայքարում էր Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտը վարձակալելու համար, սակայն քաղաքային իշխանություններն այն 99 տարով հանձնեցին «Վեստ Հեմ Յունայթեդին»: Sky Sports պարբերականի տվյալներով, մրցաշրջանի մեկնարկից առաջ «Տոտտենհեմը» փորձեց ձեռք բերել «Վեստ Հեմի» ներկայիս մարզադաշտ «Ապտոն Պարկը», սակայն երկու ակումբներն այդպես էլ համաձայնության չեկան և «Վեստ Հեմը» որոշեց իր մարզադաշտը վաճառել Galliard Group ընկերությանը:
Քանի որ երկու փորձերն էլ ձախողվեցին, «Տոտտենհեմը» մտադիր է «Ուեմբլին» վարձակալելու նպատակով դիմել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային: Ավելացնենք, որ «Տոտտենհեմն» իր սեփական հավակնոտ պրոյեկտն իրականացնելու համար երկար ժամանակ չէր ստանում տեղական իշխանության թույլտվությունը: