«Տոտտենհեմը» հայտարարել է «Վոլֆսբուրգի» կենտրոնական պաշտպան Միկի Վան դե Վենի հետ պայմանագիր կնքելու մասին:
Վան դե Վենն իր ապագան կապել է «Տոտտենհեմի» հետ մինչև 2029 թվականը և հանդես կգա Անգե Պոստեկողլուի թիմում՝ 37 համարի մարզահագուստով։
Sky Sports-ը Վան դե Վենի տրանսֆերը գնահատում է 50 մլն եվրո (43,1 մլն ֆունտ), ներառյալ 10 մլն եվրո (8,6 մլն ֆունտ) բոնուսներ:
22 ամյա հոլանդացին «Տոտտենհեմի» չորրորդ ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանում Գուլիելմո Վիկարիոյից, Ջեյմս Մեդիսոնից և Մանոր Սոլոմոնից հետո:
Վան դե Վենը «Վոլենդամի» ակադեմիայի շրջանավարտ է, ով 48 հանդիպում է անցկացրել նրա կազմում՝ նախքան 2021 թվականի օգոստոսին «Վոլֆսբուրգ» տեղափոխվելը:
«Վոլֆսբուրգում» անցկացրած երկու մրցաշրջաններում Միկին անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Վան դե Վենը դեռ Հոլանդիայի հավաքականում խաղալու փորձ չունի, թեև նա Լուի վան Գալի թիմի ընդլայնված հայտացուցակում էր 2022 թվականին Քաթարում անցկացված աշխարհի առաջնությանը և պարբերաբար հրավիրվում է երիտասարդական հավաքական։
Հավելենք, որ նախորդ խաղացողը, ով «Տոտտենհեմի» հետ կնքել է նման երկարաժամկետ պայմանագիր՝ անմիջապես վեց տարով, 2019 թվականին գնված կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն էր։