«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին, այնուամենայնիվ, երկխոսության մեջ է մտել «Ռեալ Մադրիդի» ղեկավարության հետ` կիսապաշտպան Գարեթ Բեյլի վաճառքի հարցով:
Գտնվելով հենց ֆուտբոլիստի, ինչպես նաև առաջարկվող գումարի (86 մլն ֆունտ) ճնշման տակ՝ Լևին ստիպված է սկսել բանակցել «Ռեալի» հետ: Ինչպես հայտնում է Goal-ը, լոնդոնցիները մտադիր են իսպանական գրանդից պահանջել 100 մլն եվրո:
Աղբյուրի համաձայն, օգոստոսի 6-ին Լևին Ֆլորիդայում անձնական հանդիպում կունենա «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Եթե կողմերը համաձայնության գան, ապա Բեյլի տեղափոխությունը տրասնֆերային ռեկորդ կլինի:
Իր հերթին ESPN պարբերականը հաստատում է, որ «Տոտտենհեմն» իսկապես մտադիր է Բեյլի վաճառքից 100 մլն ֆունտ վաստակել, սակայն գումարի մի մասի փոխարեն լոնդոնյան ակումբը ցանկանում է ստանալ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ով անցած ամառ է հեռացել «Ուայթ Հարթ Լեյնից» 28 մլն ֆունտի դիմաց: