«Տոտտենհեմը» պատրաստ է «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին գնելու համար 18 մլն ֆունտ վճարել, որը կդառնա ակումբի պատմության տրանսֆերային նոր ռեկորդը:
Այս ամռանը լոնդոնցիներն արդեն թարմացրել են այդ ռեկորդը՝ 17 մլն ֆունտով գնելով «Կորինտեանսի» կիսապաշտպան Պաուլինյոյին: Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ լավագույն քառյակում հայտնվելու համար իր թիմին ևս մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ է անհրաժեշտ:
Նախորդ մրցաշրջանում Սոլդադոն «Վալենսիայի» կազմում դարձավ 24 գոլի հեղինակ, որի շնորհիվ իրավունք ստացավ Իսպանիայի հավաքականի հետ մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին պատրաստ է վճարել Ռոբերտոյի համար պահանջվող գումարը:
Այս պահին թիմն ունի ընդամենը երկու հարձակվող և պատրաստ է նրանց համար առաջարկություններ լսել: Ակնհայտ է, որ Վիլաշ-Բոաշն այնքան էլ գոհ չէ հարձակման գծից, որտեղ հանդես են գալիս Ջերմեյն Դեֆոն և Էմանուել Ադեբայորը: