«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը վստահ է, որ երբ Սուարեսը դաշտ վերադառնա, «կարմիրների» երկրպագուները կներեն նրան:
Ուրուգվայցու հետ կապված պատմությունը ձգվեց ողջ ամառ: Օգոստոսի սկզբին նա բացահայտ հայտնեց, որ ցանկանում է լքել «Էնֆիլդը» և անգամ մեղադրեց «Լիվերպուլին»: Բրենդան Ռոջերսին բարկացրեց Սուարեսի այդ քայլը և նա հարձակվողից պահանջեց ներողություն խնդրել: Սկզբում Լուիսը հրաժարվեց ընդունել մարզչի պահանջը, սակայն երբ ստիպված եղավ միայնակ մարզվել, ամեն ինչ փոխվեց:
Այս պահին իրավիճակը կայուն է, և Ինսը, ով «Լիվերպուլում» է խաղացել 1997-1999թթ-ին, վստահ է, որ երկրպագուները կարող են մոռանալ այս պատմությունը:
-Այն ինչ տեղ ունեցավ ամռանը, կանցնի և «Լիվերպուլի» երկրպագուները կմոռանան: Նրանք բոլորը ցանկանում են տեսնել Սուարեսի վերադարձը, իսկ երբ նա վերադառնա և գոլեր խփի, ապա այն ինչ եղել է, արագ կմոռացվի:
«Լիվերպուլն» այժմ բավական լավ ֆուտբոլ է ցուցադրում: Քիչ չեն խաղերը, որ նրանք ավելի շատ պահեր են ստեղծում, քան մրցակիցը, սակայն չեն կարողանում դա վերածել գոլի: Ահա թե ինչի համար են նրանք փորձում պահել Սուարեսին,- Ինսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: