«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար:
2015թ-ի առաջին ամիսը Քեյնի համար հաջողակ ստացվեց: Արդեն հունվարի 1-ին 21-ամյա Հարին իր դուբլով «Տոտտենհեմին» օգնեց 5:3 հաշվով հաղթել «Չելսիին»:
Քեյնը հունվարին գրավեց նաև «Կրիստալ Փելեսի» և «Վեստ Բրոմվիչի» դարպասները: Իր արդյունավետությունն անգլիացին շարունակում է նաև փետրվարին, ուստի լավ շանսեր ունի այս մրցանակը ստանալու նաև ընթացիկ ամսում:
Իսկ լավագույն մարզչի մրցանակը բաժին է հասել Կումանին, ով Անգլիա տեղափոխվելուց հետո երկրորդ անգամ է ստանում այս մրցանակը: Հունվարին «Սաութհեմպտոնը» հաղթեց իր բոլոր երեք մրցակիցներին՝ «Արսենալին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Նյուքասլին», ընդհանուր 5:1 հաշվով: