«Մանչեսթեր Յունայթեդին» պատկանող Օլդ Թրաֆորդ մարզադաշտը չի ընդգրկվի Եվրո-2028-ի Մեծ Բրիտանիա-Իռլանդիա համատեղ հայտի մեջ:
Հայտնի է, որ Օլդ Թրաֆորդը Պրեմիեր լիգայի ամենամեծ մարզադաշտն է՝ 74300 հանդիսական տեղավորելու հնարավորությամբ։
Սակայն Օլդ Թրաֆորդի տեխնիկական անմխիթար վիճակը հանգեցրեց նրան, որ «կարմիր սատանաների» մարզադաշտը չընդգրկվեց Եվրոպայի առաջնության բրիտանական 10 արենաների ցանկում։ Համապատասխան ցուցակը կներկայացվի առաջիկա օրերին, հայտնում է The Times-ը։
Այդ 10 մարզադաշտերի թվում կլինեն վեց անգլիական, այդ թվում՝ Ուեմբլին, ինչպես նաև «Յունայթեդի» հարևան «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտը, որը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել 60000 նստատեղից ավելի:
Հավելենք, որ «Յունայթեդը» նույնպես պատրաստվում է բարեփոխել կամ նույնիսկ ամբողջությամբ վերակառուցել Օլդ Թրաֆորդը, բայց այս գործընթացն ունի անորոշ ժամանակացույց, և դա մեծապես կախված է ակումբի վաճառքի գործընթացից։