«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող չգնել:
«Զինագործների» հարձակման գծում ֆուտբոլիստների խնդիր կար դեռ մրցաշրջանի մեկնարկին: Ոչինչ չի փոխվել նաև այժմ: Միակ հարձակվողն Օլիվյե Ժիրուն է, ում մոտ հոգնածություն է զգացվում: Նրան երբեմն փոխարինում է Նիկլաս Բենդտները, ով աչքի չի ընկնում արդյունավետությամբ:
Ժիրուն, ով «Նյուքասլի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ, կարծում է, որ իրենք կարող են մրցաշրջանի մնացած հատվածն անցնել առանց նոր հարձակվողի:
-Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ հարձակման գծում: Լուկաս Պոդոլսկին և Թեո Ուոլկոտը կարող են սրություն հաղորդել թիմի հարձակմանը: Մարզիչը կարող է նոր հարձակվող չգնել:
Ինչ վերաբերվում է կոնկրետ ինձ, ապա ես պետք է լավ սնվեմ, լավ քնեմ և մասնակցեմ մարզումներին: Ինձ հաջողվեց մրցաշրջանի առաջին հատվածն անցկացնել առանց վնասվածքների,- ասել է Ժիրուն: Canal+