Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը և «Չելսիի» վինգեր Քոլ Պալմերը ճանաչվել են առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ համապատասխանաբար:
Երեքշաբթի երեկոյան Լոնդոնում տեղի ունեցավ ՊՖԱ 51-րդ մրցանակաբաշխությունը։
Երեկոյի գլխավոր մրցանակը բաժին հասավ Ֆոդենին, որը Պրեմիեր Լիգայի 35 հանդիպումներում խփել է 19 գոլ՝ նվաճելով Սիթիի չորրորդ անընդմեջ տիտղոսը:
23-ամյա անգլիացին իր կարիերայում առաջին անգամ է ճանաչվում ՊՖԱ-ի տարվա լավագույն խաղացող, իսկ նախկինում երկու անգամ արժանացել է երիտասարդական մրցանակին։
Անցած մրցաշրջանի վերջում Ֆոդենը լավագույն խաղացող է ճանաչվել նաև Պրեմիեր Լիգայի և Ֆուտբոլային գրողների ասոցիացիայի (FWA) կողմից։
Հեղինակավոր մրցանակի համար պայքարում Ֆոդենը հաղթեց Էրլինգ Հոլենդին, որը այս մրցանակին արժանացել էր մեկ տարի առաջ։
Իսկ «Տարվա լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակին արժանացավ 22-ամյա Պալմերը, ով «Չելսիի» կազմում իր առաջին մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 34 խաղում 22 գոլի հեղինակ դարձավ:
«Չելսիի» կազմում Պալմերի ելույթները նրան թույլ տվեցին տեղ գրավել Անգլիայի Եվրո 2024-ի հավաքականում՝ գոլ խփելով Իսպանիայի դեմ եզրափակչում:
Երիտասարդական մրցանակի համար Պալմերի մրցակիցներն էին Բուկայո Սական, Կոբի Մեյնուն, Ալեխանդրո Գառնաչոն, Մայքլ Օլիսը և Ժոաո Պեդրոն։
ՊՖԱ-ն նաև հրապարակեց Պրեմիեր Լիգայի խորհրդանշական թիմի կազմը 2024/25 մրցաշրջանի համար: Պալմերի համար այստեղ տեղ չկար։
Հավելենք, որ ՊՖԱ-ի մրցանակակիրները որոշվում են հենց խաղացողների քվեարկությամբ, հետևաբար նրանք հատկապես գնահատվում են ֆուտբոլիստների կողմից, քանի որ սա ճանաչում է իրենց գործընկերների շրջանում։
ՊՖԱ Պրեմիեր լիգայի տարվա թիմ
Դավիդ Ռայա (Արսենալ) – Ուիլյամ Սալիբա (Արսենալ), Վիրջիլ Վան Դեյկ (Լիվերպուլ), Գաբրիել Մագալյանս (Արսենալ), Քայլ Ուոլքեր (Մանչեսթեր Սիթի) – Ռոդրի (Մանչեսթեր Սիթի), Դեկլան Ռայս (Արսենալ), Մարտին Էդեգոր (Արսենալ) – Էրլինգ Հոլենդ («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Օլի Ուոթկինս («Ասթոն Վիլա»)։