Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։
Նյուքասլ Յունայթեդ
Լավագույն ռմբարկու՝ Քալում Ուիլսոն– 18
Լավագույն ասիստենտ՝ Կիրան Թրիպեր – 7
Լավագույն խաղացող՝ Կիրան Թրիպեր
Հիասթափություն՝ Անտոնի Գորդան
Բացահայտում՝ Էլիոթ Անդերսոն
Ակնկալիքներ
«Նյուքասլը» նոր ղեկավարության գլխավորությամբ ընթանում էր աստիճանական առաջընթացի ճանապարհով, և նոր մրցաշրջանի իրատեսական նպատակն էր վերադառնալ եվրոպական մրցաշար և ավարտել առաջությունը լավագույն 7-յակում: Ձմռանը ժամանած Կիրան Թրիպերից, Բրունո Գիմարայնսից և Դեն Բյորնից բացի ակումբը ձեռք բերեց նաև Ալեքսանդր Իսակին, Սթիվ Բոտմանին և Նիկ Պոուպին։ Այդ խաղացողներից յուրաքանչյուրը պետք է դառնար «Նյուքասլի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ «Կաչաղակները» խաղացողներ էին գնում առանց գերվճարների, և հրաժարվեցին բարձրակարգ աստղային ձեռքբերումներ կատարելուց՝ խաղադրույք անելով նրանց վրա, ովքեր ապագայում կարող էին ուժեղանալ թիմի հետ միասին:
Սեզոն
«Նյուքասլից» առաջընթաց էր ակնկալվում, բայց, հավանաբար, ոչ այսքան կտրուկ: Թիմը մրցաշրջանը սկսեց հինգ ոչ-ոքիով առաջին յոթ հանդիպումներում, ինչը հազիվ թե հաջող մեկնարկ կարելի է համարել, բայց հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նրանք կարողացան իրենց շատ լավ դրսևորել՝ այդ ժամանակահատվածում հաղթեցին ինը հանդիպումներից ութում: Օգոստոսի վերջին «Լիվերպուլին» պարտվելուց հետո «կաչաղակները» անպարտելի մնացին մինչև փետրվարի կեսերը, մի շարք, որի արդյունքում նրանք հաստատվեցին լավագույն քառյակում և թույլ տվեցին իրենց մտածել Չեմպիոնների լիգա վերադարձի մասին: Հունվարին և փետրվարին տեղի ունեցած թեթև անկումը թիմին դուրս մղեց լավագույն քառյակից, բայց «կաչաղակները» այդ անկմանը արձագանքեցին հինգ խաղյա հաղթական շարանով: Այդ ընթացքում նրանք հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ մրցաշրջանն ավարտեցին աութսայդերների և վատ մարզավիճակում գտնվող թիմերի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակներով, որտեղից կարելի է առանձնացնել 6:1 հաշվով «Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը, որն այն ժամանակ «կաչաղակների» ֆորմալ հետապնդողն էր համարվում: Հավանաբար, հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ «Նյուքասլը» չի զիջի Չեմպիոնների լիգայի իր ուղեգիրը , և «Լիվերպուլն» ու «Յունայթեդը» պետք է իրար մեջ պարզեին, թե ով է ավելորդ եվրոպական էլիտար մրցաշարի ուղեգրերի համար պայքարում։
Գնահատական
Հիանալի: «Նյուքասլը» կանխատեսվածից շուտ է առաջադիմել։ Չեմպիոնների լիգա վերադարձը իրատեսական նպատակ էր համարվում հաջորդ մրցաշրջանի համար, և նույնիսկ դա բավականին լավատեսական կլիներ: Բայց «կաչաղակները» օգտվեցին «Չելսիի», «Տոտտենհեմի» և «Լիվերպուլի» ճգնաժամից և ապացուցեցին, որ շատ կայուն թիմ են, որն ունակ է միավորներ վաստակել նույնիսկ առանց մարզավիճակի պիկում գտնվելու: