«Աստոն Վիլլայի» հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը խոստովանել է, որ դեռ չի մտածում Անգլիայի ազգային հավաքական վերադառնալու մասին:
Ագբոնլահորը վերջին անգամ հավաքականի կազմում խաղացել է 3.5 տարի առաջ:
Վերջին ժամանակներս 26-ամյա ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակ է ձեռք բերել, որի ապացույցը թիմի վերելքն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակով: Մինչդեռ Գաբրիելը մտադիր չէ ուղեղը ծանրաբեռնել հավաքական վերադառնալու մտքերով:
-Անգլիայի ազգային հավաքականում կարելի է հայտնվել տարբեր կերպ: Օրինակ, թիմի կազմում ընդգրկվում են այնպիսի խաղացողներ, ովքեր հազվադեպ են հայտնվում դաշտում, ինչպես Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը: Նա շատ չի խաղում և այնուամենայնիվ, հրավեր է ստանում:
Ամեն ինչ այլ էր, երբ այստեղ Ֆաբիոն էր: Նա կատարում էր իր ընտրությունը՝ հիմնվելով բացառապես խաղացողների մարզավիճակի վրա: Անկասկած, շատ հաճելի է հանդես գալ հավաքականի կազմում, սակայն ես առանձնապես չեմ անհանգստանում դրա համար: Իմ ուշադրությունը կենտրոնացած է «Աստոն Վիլլայի» վրա,- հայտնել է ֆուտբոլիստը: Daily Mail