«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը երկարաձգեց պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
Նոր պայմանագիրը գործելու է մինչև 2014 թվականի ամռանը: Այս մասին հայտնում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հունվարին Ֆրենկի գործակալը հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը հաստատ կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»:
Մինչդեռ ավելի ուշ «Չելսին» վերանայեց իր որոշումն ու պայմանագիր առաջարկեց Լեմպարդին:
-Ես շատ ուրախ եմ: Բոլորն էլ գիտեն, որ ես երազում էի «Չելսիում» մնալու մասին: Մենք երկար ժամանակ քննարկել ենք այս հարցը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աբրամովիչին այն ամենի համար, որ նա արել է, որպեսզի իմ երազանքն իրականություն դառնա:
Սիրում եմ մեր ակումբը, բոլոր ֆուտբոլիստներին և իհարկե, երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ իմ այստեղ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից,- ասել է Լեմպարդը:
Նշենք, որ անցած շաբաթ Լեմպարդը դարձավ «Չելսիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ խփելով 203-րդ գնդակը: