«Չելսիի» նորեկ Անդրե Շյուրլեն կիսվել է լոնդոնյան ակումբում հանդես գալու իր սպասելիքներով:
Հիշեցնենք, որ Շյուրլեն դարձավ Ժոզե Մոուրինյոյի վերադառնալուց հետո «Չելսիի» առաջին ձեռքբերումը: Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողը, ում համար «կապույտները» 18 մլն ֆունտ վճարեցին, հավատում է, որ նոր ակումբում մեծ հաջողությունների կհասնի:
-Հուսով եմ, որ առաջիկա 5 տարում կկարողանանք շատ տիտղոսներ նվաճել: Մենք հիանալի թիմ ունենք՝ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներով: Համոզված եմ, որ Մոուրինյոյի ղեկավարությամբ մենք հաջող մրցաշրջան կունենանք:
Այս ակումբի համար տիտղոսներ նվաճելը գլխավոր նպատակ է: Մեր թիմում բարձրակարգ վարպետներ ունենք: Մենք կարող ենք հաջող հանդես գալ Պրեմիեր Լիգայում, Չեմպիոնների Լիգայում և գավաթային այլ առաջնություններում, և ես հուսով եմ՝ մեծ դեր կխաղամ այդ գործում:
Ես անհամբերությամբ սպասում եմ Մոուրինյոյի հետ աշխատանքին: Ես նրա հետ ծանոթացել եմ մի քանի շաբաթ առաջ՝ Միխայել Բալակի հրաժեշտի խաղին: Նա հիանալի մարդ և մեծ անհատականություն է,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Շյուրլեն: