«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է իր թիմը թարմացնել ոչ միայն Սեսկ Ֆաբրեգասի, այլ նաև Մարուան Ֆելայնիի օգնությամբ:
Երեկ տեղեկություն հայտնվեց, որ «Յունայթեդը» Ֆաբրեգասի համար «Բարսելոնային» 26 մլն ֆունտ է առաջարկել: Անմիջապես հետո հայտնի դարձավ, որ առաջարկին հետևել է մերժումը:
«Ֆուտբոլիստը տրանսֆերի համար հասանելի չէ»,- Press Association-ին հայտնել էր «Բարսելոնայի» պաշտոնական ներկայացուցիչը:
Կատալոնցիների մերժումը հասականալի է, քանի որ երկու տարի առաջ նրանք Ֆաբրեգասին «Արսենալից» գնեցին 25 մլն ֆունտով: Բացի այդ, հայտնի է, որ տրանսֆերի դեպքում «Արսենալը» Ֆաբրեգասին վերադարձնելու առաջնային իրավունք կստանա, եթե ֆուտբոլիստը ցանկանա հետ գալ «Էմիրեյթս»:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, չնայած «Բարսելոնայի» դիրքորոշմանը, Ֆաբրեգասի տեղափոխությունը «Յունայթեդ» հավանական է: Դա կարող է տեղի ունենալ Սեսկի և Տիտո Վիլանովայի հանդիպումից հետո: Լուրերի համաձայն, «կապտանռնագույնների» մարզիչն ապագայի հետ կապված իր պլաններում կենտրոնական դեր չի տալիս «Արսենալի» նախկին ավագին:
Արժե նշել, որ «Յունայթեդը» պայքարում է ոչ միայն Ֆաբրեգասի համար: Այժմ Դևիդ Մոյեսը մտածում է Մարուան Ֆելայնիի համար իր նախկին ակումբ «Էվերթոնին» առաջարկ անելու մասին: Բելգիացու տրանսֆերային իրավունքները մինչև օգոստոսի կեսը հնարավոր է գնել 23 մլն ֆունտով, որն ամրագրված է պայմանագրով:
Մոյեսը վստահ է, որ երկու ֆուտբոլիստներն էլ հաջողությամբ կամրացնեն «Յունայթեդի» միջին գիծը: Իսպանացին թիմին կհաղորդի տեխնիկա և այլընտրանք, իսկ բելգիացին կլրացնի ֆիզիկական կարողությունները և կուժեղացնի խաղը «երկրորդ հարկում»: