«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ այս ամռանը մերժել է երկու ակումբների:
«Կրիստալ Փելեսի» հետ խաղով Վիլաշ-Բոաշն իր երկրորդ մրցաշրջանը կսկսի «Տոտտենհեմի» ղեկին: Ամառվա սկզբին խոսվում էր, որ պորտուգալացի մարզչի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Բարսելոնան» և «Ռեալը»:
35-ամյա մարզչին իսկապես առաջարկներ արվել են, սակայն նա հավատացել է «Տոտտենհեմին»: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, այդ առաջարկներից մեկը արել է ֆրանսիական «ՊՍԺ»-ն:
-Ես մերժեցի այդ առաջարկները, քանի որ սա իմ առաջին հնարավորությունն էր մեկ ակումբում երկրորդ մրցաշրջանը սկսել: Ես այստեղ շատ երջանիկ եմ: Ունեմ փայլուն ֆուտբոլիստներ, իսկ ակումբը ֆանտաստիկ պայմաններ և կառուցվածք ունի: Ֆրանկոյի (Բալդինի, տեխնիկական տնօրեն) գալուց հետո մենք նոր մակարդակի բարձրացանք:
Ես մեծ հարգանք ունեմ ակումբի և Դանիելի (Լևի, «Տոտտենհեմի» նախագահ) հանդեպ, և հենց այդ պատճառով էլ մերժեցի եղած առաջարկները,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: