«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեղադրել է մամուլին իր ակումբի հետ կապված մշտական լարվածություն պահելու մեջ:
Ֆրանսիացու կարծիքով լրագրողները փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, կարծես «զինագործներն» աղետի եզրին են կանգնած, և Վենգերին, ով տրանսֆերային շուկայում պասիվություն է դրսևորում, այդ ամենը դուր չի գալիս:
-Տեսե՛ք, մենք ընդամենը մեկ խաղ ենք պարտվել մարտից ի վեր: Ահա թե ինչու «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը բոլորին զարմացրեց: Սակայն մինչ այդ մենք Չեմպիոնների Լիգայում կարողացանք հաղթել «Բավարիային», իսկ մի քանի օր առաջ` «Ֆեներբահչեին»:
«Էմիրեյթսի» երկրպագուների ուղեղը մի փոքր լվացել են, և ես չգիտեմ` արդյոք դա ճիշտ է: Տարիներ շարունակ մենք տիտղոսներ չենք նվաճում, և դա է պատճառը, որ տեղեկությունը բացասական ձևով է ընկալվում:
Սակայն մենք պետք է համակերպվենք դրա հետ և կենտրոնանանք մեր աշխատանքի վրա: Մենք չպետք է արձագանքենք այն խոսքերին, որոնք մեր հասցեին են ասում,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: