«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան վստահ է, որ իր թիմակից Ջեկ Ուիլշերն ունակ է դառնալ Եվրոպայի ուժեղագույն կիսապաշտպաններից մեկը:
Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում վնասվածքները հանգիստ չէին տալիս Ուիլշերին, և նա այդ ընթացքում Պրեմիեր Լիգայի 33 խաղերի է մասնակցել: Եվ այժմ, չնայած Ջեկն ամբողջ ուժով խաղում է, «Արսենալի» երկրպագուները շունչները պահում են, երբ իրենց սիրելի ֆուտբոլիստը որևէ հակառակորդի բախվելուց հետո հայտնվում է խոտածածկին:
Արտետան վստահ է, որ 21-ամյա Ուիլշերը կարող է շատ բանի հասնել, եթե առողջական խնդիրներն անցյալում թողնի:
-Նա արդեն հրաշալի ֆուտբոլիստ է և մեծ ներուժ ունի, որպեսզի Եվրոպայում լավագույններից մեկը դառնա:
Նա այդ ունակություններն ունի, սակայն վերջին տարիներին նա հաճախ էր վնասվածքներ ստանում, որոնք թույլ չէին տալիս նրան հաջող մրցաշրջան անցկացնել: Սակայն ես կարծում եմ, եթե նա հաղթահարի վնասվածքների հետ կապված խնդիրները և շարունակի ամեն շաբաթ խաղալ, նա անկրկնելի ֆուտբոլիստ կդառնա,- talkSPORT-ին տված հարցազրույցում հայտնել է Արտետան: