«Վերդերի» տնօրեն Թոմաս Էյխինն ակնարկել է, որ իր ակումբն ուրախ կլինի հունվարին վարձակալել «Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեին:
Անցած տարի Քևինը հենց «Վերդերում» էր վարձավճարով հանդես գալիս, որտեղ Բունդեսլիգայի 33 խաղում 10 գոլի հեղինակ է դարձել: Սակայն ամռանը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը վերադարձել է «Սթեմֆորդ Բրիջ»:
Քևինին դեռևս չի հաջողվում իր նոր թիմում իրեն դրսևորել: «Ստյաուայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Դե Բրյույնեին անգամ թիմում չէր հայտավորել:
Եթե մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը Դե Բրյույնեն մնա «Չելսիի» պահեստայինների նստարանին, ապա «Վերդերը» պատրաստ կլինի վերադարձնել բելգիացուն, ով, հավանաբար, խաղային փորձի կարիք ունի աշխարհի առաջնությունից առաջ:
-Եթե Քևինը գոհ չէ, ապա մենք ուրախ կլինենք նրան վարձակալել: Իմ օգնականն ինձ տեղյակ է պահում «Չելսիում» Քևինի իրավիճակի մասին:
Ես ճանաչում եմ Քևինին: Եթե նա չի խաղում, ապա դա նրա համար մեծ խնդիր է: Պետք է սպասել, և հետո կտեսնենք, թե ինչ տեղի կունենա ձմռանը: Եթե հնարավոր լինի նրան ձեռք բերել, մենք պատրաստ կլինենք,- Bild-ի հետ հարցազրույցում հայտնել է Էյխինը: