«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը, ով այսօր նշում է իր ծննդյան 19-րդ տարեդարձը, հայտնել է, որ ցանկանում է դառնալ «մանկունյանցիների» լավագույն ֆուտբոլիստը:
Ընդամենը մի քանի ամիս առաջ Յանուզայը նորամուտը նշեց «Յունայթեդի» առաջին թիմում, սակայն որոշ ժամանակահատված հենց Յանուզայն իր վրա վերցրեց առաջատարի դերը, երբ վնասվածքի պատճառով բացակայում էին Ուեյն Ռունին և Ռոբին վան Պերսին:
Չնայած որ «Յունայթեդի» գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, Ադնանը գոհ է իր ելույթներից և ցանկանում է ավելիին հասնել:
-Ես շատ գոհ եմ իմ առաջին մրցաշրջանից: Ես մեծ աշխատանք եմ կատարում և այժմ առաջին թիմի մի մասնիկն եմ:
Քիչ խաղերի չեմ մասնակցել և հուսով եմ, որ ավելի լավ կխաղամ: Հուսով եմ, որ այս ակումբի հետ տիտղոսներ կնվաճեմ և կդառնամ նրա լավագույն ֆուտբոլիստը,- «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Յանուզայը: