PFA-ի (պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա) վարկածով Պրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը:
Ընդամենը մեկ տարի առաջ Սուարեսը «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի թևը կծելու պատճառով որակազրկվեց 10 խաղով: Սակայն այս 12 ամիսների ընթացքում նա կարծես վերափոխվեց և արժանացավ հանրության հարգանքին:
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 31 խաղում 27-ամյա ուրուգվայցին դարձել է 30 գոլի հեղինակ, ինչը «Լիվերպուլին» օգնել է 24 տարվա ընդմիջումից հետո լուրջ պայքար մղել չեմպիոնության համար:
Տարվա ֆուտբոլիստի կոչման համար Սուարեսից բացի հավակնում էին նաև իր թիմակիցներ Սթիվեն Ջերարդը և Դանիել Սթարիջը, ինչպես նաև Ադամ Լալանան՝ «Սաութհեմպտոնից», Յայա Տուրեն՝ «Մանչեսթեր Սիթիից» և Էդեն Ազարը՝ «Չելսիից»:
Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Էդեն Ազարը: 23-ամյա բելգիացին փայլուն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանը՝ դառնալով Ժոզե Մոուրինյոյի թիմի իրական առաջատարը:
Ավելացնենք, որ անցած տարի երկու մրցանակներն էլ ստացավ «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով այժմ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»: