Անգլիայի ազգային հավաքականն ունեցավ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում իր առաջին կորուստը: «Երեք առյուծների» ֆիզիոթերապևտ Գարի Լևինը կոճի վնասվածք է ստացել և վերադարձել է Լոնդոն:
Իտալացիների դեմ խաղի առաջին խաղակեսում 50-ամյա Լևինն այնքան բուռն կերպով տոնեց Դանիել Սթարիջի գոլը, որ վնասվածք ստացավ: «Ամազոնիայից» Գարիին դուրս բերին պատգարակի օգնությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այժմ Լևինը, ով կարիերայի 30 տարին անցկացրել է «Արսենալում», վերադառնում է հայրենիք: Անգլիայի հավաքականում Գարիի պարտականությունները կկատարի նրա կոլեգա Սթիվ Կեմպը:
-Դա շատ ցավալի էր: Նրան տարան հիվանդանոց: Գարիի համար աշխարհի առաջնությունն ավարտված է,- ասել է Անգլիայի հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնը: