«Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է «Քարդիֆ Սիթիի» հարձակվող Ֆրեյզեր Քեմպբելին գնելու մասին:
«Արծիվները» 26-ամյա Քեմպբելի համար 600 հզր ֆունտ են վճարել, որն էլ նախատեսված էր Պրեմիեր Լիգայից «Քարդիֆի» դուրս մնալու դեպքում նրա տրանսֆերը գնելու համար:
Ֆրեյզերը «Փելեսի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել և դարձել է այս ամառվա ընթացքում Տոնի Պյուլիսի թիմի երկրորդ նորեկը դարպասապահ Քրիս Կետինգսից հետո: Լոնդոնյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սանը մի քանի առաջարկություններ ուներ Պրեմիեր Լիգայի ակումբներից, սակայն ընտրեց «Փելեսը»:
Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Քեմպբելը «Քարդիֆի» կազմում մասնակցեց 40 խաղի և դարձավ 9 գոլի հեղինակ: