«Չելսին» մեկ մրցաշրջանով վարձակալեց «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆալկաոն հանդես եկավ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն իր խաղով առանձնապես դրական տպավորություն չթողեց՝ Պրեմիեր Լիգայում դառնալով ընդամենը 4 գոլի հեղինակ:
Չնայած «Յունայթեդում» ձախողված մրցաշրջանին, կոլումբիացին հետաքրքրեց «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Դեռ հունիսին պորտուգալացին հայտնեց, որ պատրաստ է Ֆալկաոյին վերադարձնել իր վստահությունը:
Այսօր Պրեմիեր Լիգայի չեմպիոնը համաձայնեցրեց 29-ամյա հարձակվողի վարձակալության բոլոր պայմանները, ով «Սթեմֆորդ Բրիջում» իր տեղի համար պետք է մրցի Դիեգո Կոստայի և Լոիկ Ռեմիի հետ:
-Ես շատ ուրախ եմ «Չելսիին» միանալու համար: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին, որպեսզի փորձեմ թիմին օգնել պահպանել չեմպիոնական տիտղոսը,- «ազնվականների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ֆալկաոն: