«Չելսին» պաշտոնապես հայտնել է կիսապաշտպան Ռամիրեսի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին, որը ձգվում է մինչև 2019 թվականը։
Աշխատասեր բրազիլիացին «կապույտների» հետ է 2010 թվականից, երբ տեղափոխվեց «Բենֆիկայից»։ Այդ պահից Ռամիրեսը լոնդոնյան ակումբում մասնակցել է 241 հանդիպման՝ դառնալով 33 գոլի հեղինակ։
«Չելսիի» հետ Ռամիրեսը հաղթել է Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, Անգլիական լիգաների գավաթը, Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան։ 2012/13 մրցաշրջանում, երբ «Չելսին» հաղթեց Եվրոպայի կարևորությամբ երկրորդ առաջնությունը, Ռամիրեսը մասնակցեց «կապույտների» 69 խաղերից 62-ին։
Նշենք նաև, որ 2011/12 մրցաշրջանում «Չելսիի» ֆուտբոլիստների քվեարկությամբ Ռամիրեսը ճանաչվել է ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Ժոզե Մոուրինյոյի թիմում 28-ամյա կիսապաշտպանը ոչ հաճախ է հայտնվում մեկնարկային կազմում, սակայն շարունակում է մնալ կարևոր ֆուտբոլիստ։ Ակումբը դա հաստատել է նոր պայմանագրով։