«Չելսիի» նոր, 1 մլրդ ֆունտ արժողությամբ մարզադաշտի շինարարությունը վտանգված է ակումբի և Լոնդոնի մի ընտանիքի միջև առկա վեճի պատճառով։ Ընտանիքը պնդում է, որ մարզադաշտի պատճառով իրենք կզրկվեն արևի ճառագայթներից։
Նիկոլաս և Լուսինդա Կրոստվեյտներն ավելի քան 50 տարի ապրում են «Սթեմֆորդ Բրիջի» հարևանությամբ, սակայն այժմ մտավախություն ունեն, որ իրենց տունը կմնա նոր, 60 հազար նստատեղանոց մարզադաշտի ստվերում։
Կրոստվեյտների ընտանիքը Համերսմիտ և Ֆուլհեմ շրջանների խորհրդին բողոք է ներկայացրել և համառորեն մերժում է ֆինանսական փոխհատուցման բոլոր առաջարկները։ Վերջին տվյալներով, ակումբն ընտանիքին առաջարկել է 20 մլն ֆունտ։
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, այս վեճը «կապույտներին» թույլ չի տալիս սկսել շինարարական աշխատանքները, չնայած որ Լոնդոնի քաղաքապետարանը թույլտվությունը տվել էր դեռ նախորդ տարի։ Շինարարությունը ցանկացած պահի կարող է կանգնեցվել, եթե Կրոստվեյտները հաջողության հասնեն։
Այս պահին «Չելսին» փորձում է խնդիրը լուծել տեղական իշխանության միջոցով, որը հարցը քննարկելու համար խորհուրդ կունենա երկուշաբթի օրը։