«Լեսթեր Սիթին» հայտարարել է «Կոպենհագենի» ձախ պաշտպանի և Դանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վիկտոր Քրիստիանսենի հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքը գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Քրիստիանսենը պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ մինչև 2028 թվականի հունիսը՝ դառնալով Բրենդան Ռոջերսի առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Մինչև 20 տարեկան Վիկտորն իր հայրենի «Կոպենհագենի» կազմում անցկացրել է ավելի քան 70 խաղ, այդ թվում՝ 24-ն այս մրցաշրջանում:
«Զարմանալի զգացողություն է: Ես իսկապես ոգևորված եմ այստեղ լինելու համար և չեմ համբերում, թե երբ եմ ծանոթանալու ակումբի անձնակազմին, ինչպես նաև երկրպագուներին»:
«Պրեմիեր լիգան, հավանաբար, աշխարհի լավագույն առաջնությունն է, և «Լեսթերը» բարձրակարգ թիմ է, այնպես որ, իհարկե, ես ոգևորված եմ: Ես չհապաղեցի օգտվել այս հիանալի հնարավորությունից»,- ասել է Քրիստիանսենը: