«Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի գավաթի առաջին մասնակիցը՝ 3:0 հաշվով հաղթելով «Շեֆիլդ Յունայթեդին»:
Ուեմբլիում հանդիպումը սկսվեց «շեղբերի» ստեղծած պահով։ Իլիման Նդիայեն մոտ տարածությունից հարվածեց, սակայն Էդերսոնին փոխարինած Ստեֆան Օրտեգան լավ դիրք զբաղեցրեց և տիրեց գնդակին։
15-րդ րոպեին «Սիթին» պատասխանեց Էրլինգ Հոլանդի հեռվից կատարած հարվածով, սակայն նախքան այդ հարվածը մրցավարը արդեն արձանագրել էր խաղտում:
Չեմպիոնշիփի ներկայացուցիչն արժանիորեն դիմակայեց «քաղաքացիների» ճնշմանը՝ թույլ չտալով մրցակցին հնարավորություններ ստեղծել։ Սակայն 41-րդ րոպեին խաղտեցին կանոնները Բերնարդո Սիլվայի նկատմամբ տուգանային հրապարակում, իսկ Ռիյադ Մահրեզը հստակ իրացրեց նշանակված 11 մետրանոցը՝ 1:0։
Ընդմիջումից հետո «Սիթին» բավական պրագմատիկ խաղաց։ Դաշտի կենտրոնական հատվածում խլելով գնդակը՝ Մահրեզը երկար անցում կազմակերպեց, որից հետո գնդակը գլորեց մրցակցի դարպասը՝ 2:0։
Չհասցնելով վերականգնվել՝ հինգ րոպե անց «Շեֆիլդը» երրորդ անգամ բաց թողեց։ Ջեկ Գրիլիշը տուգանային հրապարակի ձախ եզրից փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակ, որտեղից Մահրեզը իր տրամաբանական ավարտին հասցրեց այդ փոանխցումը՝ 3:0։
Ցանկության դեպքում «քաղաքացիները» կարող էին ավելի շատ գոլ խփել, սակայն որոշեցին խնայել ուժերը և սահմանափակվեցին երեք գոլով։