«Չելսիից» կարող են միավորներ հանել նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի օրոք ֆինանսական խարդախությունների համար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Պրեմիեր լիգան, ՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն արդեն ստուգումներ են անցկացնում: Լոնդոնյան ակումբի նոր սեփականատերերն իրենք են տեղեկացրել ֆուտբոլային պաշտոնյաներին նախկին ռեժիմի ֆինանսական կասկածելի գործարքների մասին։
Նախկինում մամուլում տեղեկություն էր տարածվել, որ կասկածելի տրանսֆերների թվում էին Վիլիանի և Սամուել Էտո’Օի տրանսֆերները «Անժիից»։
Աղբյուրի համաձայն, քննիչների ուշադրությունը գրավել են նաև եզրային հարձակվող Էդեն Ազարի գործակալին, Անտոնիո Կոնտեին և ակումբի որոշ ղեկավարներին կատարված վճարումները:
Խոսքը տասնյակ միլիոնավոր ֆունտերի մասին է, իսկ «Չելսին» այդ գաղտնի վճարումները կատարել է Աբրամովիչին պատկանող օֆշորային ընկերությունների միջոցով։
Օֆշորային ընկերությունների և Աբրամովիչի միջև կապի մասին հայտնի է դարձել «Կիպրոսի գաղտնիքը» կոչվող բարձրակարգ միջազգային հետաքննության շնորհիվ։
Կիպրոսի օֆշորային ընկերությունների մասին տեղեկատվության արտահոսքի շնորհիվ հայտնի դարձավ նաև, որ Աբրամովիչը գաղտնի հովանավորել է փաստաբաններին՝ դատարաններում վիճարկելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների օրինականությունը, սակայն ապարդյուն։
Հավելենք, որ 2003 թվականին Աբրամովիչը 140 միլիոն ֆունտով ձեռք է բերել «Չելսին»։ 2022 թվականին, հայտնվելով Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, ռուս օլիգարխը ստիպված եղավ վաճառել ակումբը։