«Էվերթոնի» երկրպագուները հավաքել են 27,000 ֆունտ ստերլինգ՝ որպես նվիրատվություն։ Այդ նվիրատվությունները կծախսվեն բողոքի ակցիաներ կազմակերպելու համար՝ իրենց սիրելի ակումբից 10 միավոր հանելու դեմ:
Անցյալ ուրբաթ, Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը հայտարարեց «Էվերթոնից» 10 միավոր հանելու իր որոշման մասին՝ Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։
Պրեմիեր լիգայի պատմության մեջ երբեք որևէ մեկը այսքան դաժան պատժի չէր արժանացել։ Շոն Դայչի թիմը իջել է 19-րդ հորիզոնական՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում որոշակի դրական արդյունքներ գրանցելուն:
Ի պատասխան իրենց ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ «Էվերթոնի» մի խումբ երկրպագուներ, որոնք կոչվում են «The 1878s», հայտարարեցին բողոքի ակցիայի համար դրամահավաք սկսելու մասին:
Եվ ավելի քիչ, քան 48 ժամվա ընթացքում երկրպագուների խումբը հավաքել էր 27,000 ֆունտ ստերլինգ, որն օգտագործվելու է դրոշներ և պաստառներ պատրաստելու համար, որոնք արտահայտում են իրենց անհամաձայնությունը կատարված որոշմանը, որը «The 1878s»-ը անվանեցին «խայտառակ և անիմաստ»:
Բողոքի ակցիան կկայանա հաջորդ կիրակի՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային հանդիպումից առաջ։ Մինչ այդ հավաքագրված գումարը միայն կավելանա։