«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոստովանել է, որ «Լիոնի» իր նախկին ակումբակից Լիսանդրո Լոպեսը հունվարին մոտ էր «Ուայտ Հարթ Լեյն» տեղափոխվելուն:
Ինչպես գիտենք, այս պահին լոնդոնյան ակումբը լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում: Հիմնական հարձակվող Ջերմեյն Դեֆոն վնասվածք ունի, իսկ Էմանուել Ադեբայորը մի քանի օր առաջ է վերադարձել աֆրիկյան ազգերի գավաթից:
Ակնհայտ է, որ այս փաստը ստիպել էր «Տոտտենհեմի» մարզչական շտաբին գտնել նրանց փոխարինողի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Եվ ահա այսօր Լյորիսը հայտնել է, որ իր թիմը ցանկանում էր ձեռք բերել Լոպեսին, որի հետ նա հանդես է եկել «Լիոնում»:
-Լիսանդրո՞ն: Նա շատ մոտ էր «Տոտտենհեմ» տեղափոխվելուն:
Նա հիանալի, խարիզմատիկ խաղացող է, որը շատ օգուտ է տվել «Լիոնին»: Նա տքնաջան աշխատում է հանուն իր թիմի և կարող է նրա համար առանձին խաղեր հաղթել: Լիսանդրոն լավագույնին է արժանի,- հայտնել է Լյորիսը L’Equipe պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ առաջիկա հինգշաբթի «Տոտտենհեմն» ու «Լիոնը» հանդիպելու են Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում: